Օգոստոսի 11-ին Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ ՔԿ տվյալներով՝ բուժօգնության է դիմել 20 տուժած։
Վարույթը նախաձեռնել են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով):
«Քննիչները տեղում են, կատարվում է դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, իրականացվում է նախաքննություն»,- հայտնում են գերատեսչությունից։
ՆԳՆ-ն օգոստոսի 11-ի հայտնել էր, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, 20 տուժած տեղափոխվել էր բժշկական կենտրոններ։ Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարել էր 17 տուժածի մասին։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ հոսպիտալացվել է 18 քաղաքացի, որոնցից 2-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8-ինը` միջին ծանրության։