Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մոտ 1 մլրդ դրամի (2․5 մլն դոլար) գույք, տեղեկանում ենք ԳԴ տարածած հաղորդագրությունից։
Դատախազությունը պահանջ է ներկայացրել բռնագանձել 6 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև որպես ապօրինի եկամտի մնացորդ հանդիսացող 491 մլն 878 հազար դրամ։
Փարամազյանից պահանջում են նաև 521 մլն 142 հազար դրամ, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Պահանջել են բռնագանձել նաև 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:
Փարամազյանը 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել «խարդախություն, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառելու, ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու» հոդվածներով։ 2022-ի մայիսին 50 մլն դրամ գրավի դիմաց դատարանը նրան ազատ էր արձակել։