Քննչական կոմիտեն «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցել, հարցաքննվել են դեպքին առնչություն ունոցող մի շարք անձինք, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ԶԼՄ-ները Բրազլիայի քաղաքացու մահվան մասին գրել էին օգոստոսի 13-ին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ «Հրապարակը» տեղեկացել էր, որ «ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները նրա ձեռքի շշի պարունակությունն ստուգելու փոխարեն ստիպել են խմել այն, որի մեջ, պարզվել է, թմրանյութ էր»։ Քաղաքացին, «Հրապարակի» տեղեկություններով, մահացել է հեղուկը խմելուց հետո։
Քննչական կոմիտեն օտարերկրացու մահվան վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո քրվարույթ է հարուցել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով):
«Նման դեպքերում, որպես հանկարծամահության մասին ստացած հաղորդում, սովորաբար քրեական վարույթ ենք նախաձեռնում ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նույնը տեղի է ունեցել այս պարագայում։ Նշված քրեական վարույթի շրջանակներում նախաքննություն է իրականացվում։ Հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող մի շարք անձինք։ Նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև տվյալ անձի մոտ հայտնաբերված տարրայում առկա նյութի դատաքիմիական փորձաքննություն»,- մանրամասնել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ արդյունքներն ստանալուց հետո ձեռքբերվող այլ ապացույցների հետ համադրությամբ ՔԿ-ն կպարզի մահվան պատճառները, հանգամանքները, որից հետո միայն համապատասխան իրավական գնահատական կտա։
«Այս պահի դրությամբ մենք որևէ առանձին վարկած առաջ չենք քաշում։ Համակողմանի, ամբողջական, լրիվ քննություն է իրականացվում։ Երբ արդյունքերն ունենանք, այդ ժամանակ կհրապարակենք»,- եզրափակել է ՔԿ խոսնակը։