ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանն օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Դատախազությունը տեղեկություններ չէր հայտնել, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման:
Մարտիրոսյանի խոսքով՝ Սարգսյանների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դատախազություն հրավիրվածները երկրում չեն գտնվում։
Հուլիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր հօգուտ պետության բռնագանձել նախկին նախագահ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը։