ՀՀ ավելի քան 100 քաղաքացի տուժել է խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերից, ինչի մասին ահազանգել է Քննչական կոմիտեին։ ՔԿ-ն քաղաքացիներին զգուշացրել է զգուշանալ արտերկրում իրենց հարազատների հետ պատահած իբր վթարների մասին հաղորդող անծանոթ անձանց զանգերից։
«Վերջին շրջանում Երևանի բազմաթիվ բնակիչներից ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։ Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել։ Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ և, օգտվելով վերջիններիս հուզական վիճակից, նրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերի, ընդհուպ՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով (խարդախությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով)։
«Հաշվի առնելով, որ նման ահազանգերը չեն դադարում, ՀՀ ՔԿ-ն ազգաբնակչությանն զգուշացնում է անծանոթ անձանցից նման տեղեկություններ ստանալիս խուճապի չմատնվել և հապճեպ քայլերի չդիմել՝ հարազատներին օգնելու նպատակով։ Անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ հաղորդակցության այլ միջոցներով հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ, կատարել լրացուցիչ ճշգրտումներ և ստացված տեղեկատվության իսկության, ինչպես նաև իրենց հետ կապ հաստատած և գումար ստացող անձի վստահելիության մեջ համոզվելուց հետո միայն դիմել քայլերի, հնարավորության դեպքում առհասարակ խուսափել առձեռն գումարներ փոխանցելուց»,- զգուշացրել են ՔԿ-ից։
Գերատեսչությունից քաղաքացիներին հորդորել են խաբեության փաստն արձանագրելու կամ նման կասկածներ ունենալու դեպքում անմիջապես իրենց հետ կապ հաստատած անձանց վերաբերելի բոլոր տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։