20-ամյա հղի կնոջ՝ Մերի Գրիգորյանի մահվան գործով բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վարույթից նոր վարույթ է անջատվել, որով նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ ՔԿ-ի՝ երեք բուժաշխատողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը:
Մարտի 28-ին ՔԿ-ն հայտնել էր, որ 2022 թվականի օգոստոսին Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» բժշկական կենտրոնի 3 բժշկի մեղադրանք էր առաջադրվել։ Մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, առավելագույն պատիժն ազատազրկումն է՝ 5 տարի ժամկետով)։
ՔԿ-ն պարզել էր, որ 2022թ․ օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, կինը վատ ինքնազգացողությամբ պայմանավորված դիմել էր բժշկական կենտրոն և հետազոտվել: Բժիշկները, ՔԿ տվյալներով, տվել էին թերի կլինիկական ախտորոշում, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չեն ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
«Հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ էականորեն մեծացնելով բարենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի» ԲԿ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չկային»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
ՔԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 25-ին հղիի մոտ ուլտրաձայնային հետազոտմամբ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ:
Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրականացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, սակայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձանագրվել է նրա կենսաբանական մահը: