Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի, Armenia Today-ին հայտնեց Տոնոյանի պաշտպան Ալբերտ Բենգլյանը։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հարցին՝ ե՞րբ է նա ազատ արձակվելու, փաստաբանն ասաց՝ այս պահին դեռ տեղեկություն չունի։
Տոնոյանը 2018թ․ մայիսից մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ն զբաղեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021թ․ սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Տոնոյանին։