Հայաստանի տաքսու վարորդները կպարտավորվեն միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ուղևորին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային ՀԴՄ կտրոն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Նշվում է, որ յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումների)։
Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։
Ըստ ՊԵԿ-ի՝ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նաև անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը կկազմի յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից, 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
Նաև մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն։ Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ։
«Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը»,- ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:
2023 թվականի դեկտեմբերի 8-ին խորհրդարանն ընդունել էր օրինագիծ, ըստ որի՝ 2024 թվականից Հայաստանում առցանց տաքսիներով երթևեկության համար կսահմանվի պետական տուրք։