ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ-ի գլխավոր բժշկից պահանջել և ստացել է 1 մլն դրամ կաշառք, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվում է, որ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցները ԲԿ-ում ստուգումներ են իրականացվել 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ը։ Հայտնաբերվել են խախտումներ, որոնց մասին Ք. Ա.-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին:
«Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով գլխավոր բժշկից պահանջել է 1 մլն դրամ կաշառք: Բժիշկն ընդունել է կաշառք տալու առաջարկը, որից հետո ԲԿ-ում ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ խախտումներ չեն հայտնաբերվել»,- ասված է հրապարակման մեջ։
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության, հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով):
Ք. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: ԲԿ-ի գլխավոր բժշկին և կաշառքի միջնորդություն կատարած փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ զղջալու հիմքով, հավելել են կոմիտեից։