ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորից՝ Ալեքսանդր Սարգսյանից, նրա կնոջից, որդիներ Հայկ և Նարեկ Սարգսյաններից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 3,5 մլրդ դրամ (ավելի քան 9 մլն դոլար) և 14 միավոր անշարժ գույք, հայտնում է Հանրային հեռուստատեսությունը։
Ըստ ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության՝ անշարժ գույքից 4-ը գտնվում է Երևանի կենտրոնում, 10-ը՝ Կոտայքի մարզում։ Ապօրինի են գնահատվել նաև 4 տրանսպորտային միջոց, մասնակցություն թվով 3 իրավաբանական ընկերություններում, շուրջ 1 մլրդ դրամի ավանդ և պարտատոմսեր։
Ըստ հրապարակման՝ դատախազությունը Սարգսյանի գույքն սկսել է ուսումնասիրել 2021 թվականից՝ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա։
«Դատախազությունն ուսումնասիրությամբ հետ է գնացել մինչև 1995 թվականը, առաջին ապօրինի գույք դիտարկել 1998-ին Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում ձեռք բերված գույքը»,- ասվում է ռեպորտաժում։
Սարգսյանին պատկանող բոլոր գույքերի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել։
Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանն օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազություն՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով։
Դատախազությունից Armenia Today-ին հայտնել էին, որ Սարգսյանը և նրա ընտանիքի անդամները դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին։ Սարգսյանների ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ դատախազություն հրավիրվածները երկրում չեն գտնվում։