Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շենքի 9-րդ հարկից խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանն արգելանքից ազատ է արձակվել, սակայն կշարունակվի հետապնդման ենթարկվել, գրում է «Փաստինֆոն»։
Օգոստոսի 25-ին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տղամարդուն, սակայն այնտեղ տեղեկացրել են, որ տղամարդն իրենց մոտ չէ:
«Քննչական կոմիտեից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով- խմբ․), խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել»,- հավելել է կայքը։
Առստամյանի ձերբակալության մասին ArmLur.am-ին հայտնի էր դարձել օգոստոսի 24-ին։ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, ըստ կայքի, վերցրել էր խնձորն ու նետել նրա ուղղությամբ։