Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորված, զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանն ազատ է արձակվել, հայտնել է LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։
Փաստաբանը նշել է, որ օգոստոսի 23-ին դատավոր Վարդան Հարությունյանը որոշել է փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատել հենց դատարանի դահլիճից:
«Պաշտպանության կողմն ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Աղեկյանի անմեղությունը»,- հավելել է փաստաբանը։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել 2023-ի հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։
Քննիչները հրդեհի պատճառ էին համարել կապիտան Եղիշե Հակոբյանի կողմից վառարանը վառելու համար բենզինի օգտագործումը, նրան մեղադրանք էր առաջադրվել: Մեղադրանքներ էին առաջադրվել նաև բրիգադի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման և սպասարկման գծով տեղակալ Աղեկյանին և Հանրային կոմունալ ծառայության, հրդեհային անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մառլեն Սարգսյանին:
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատները պարբերաբար ՀՀ կառավարության դիմաց ակցիաներ են իրականացնում։ Նրանք հայտարարել են, որ գործը կոծկելու միտում են տեսնում։