ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Առստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ կապված արտահայտել է անհամաձայնություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երիցյանը։
Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Առստամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։
«Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները․ տուգանք՝ առավելագույնը 1.500.000 դրամի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»,- հավելել է Երիցյանը:
Օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շենքի 9-րդ հարկից Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա Առստամյանի ձերբակալության մասին ArmLur.am-ին հայտնի էր դարձել օգոստոսի 24-ին։ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, ըստ կայքի, վերցրել էր խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
Օգոստոսի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Առստամյանն արգելանքից ազատ էր արձակվել, սակայն կշարունակի հետապնդման ենթարկվել։