Դատարանը մերժել է Պրոբացիոն ծառայության դեմ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի բողոքը, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։
Դատարանը դեռևս 2022թ․ Առուշանյանին երեք տարբեր արարքների համար դատապարտել էր երեք պատժի, ըստ որոնց՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1․5 տարի փորձաշրջան, նաև 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։ Նա մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։ Դատական ակտն օրինական ուժ էր ստացել շաբաթներ առաջ։
Ըստ հրապարակման՝ Առուշանյանի և համայնքի ավագանու ներկայացրած բողոքը վերաբերում էր Պրոբացիոն ծառայության կողմից դատական ակտն ավագանուն ներկայացնելուն, իսկ ավագանին, ըստ արձանագրություն, իրավասություն չունի նրա լիազորությունները դադարեցնելու, ուստի ծառայության գործողությունները բողոքարկվել էին։
Նշվում է, որ Գորիսի համայնքապետը չի կատարել 5 տարի համայնքային պաշտոններ չզբաղեցնելու մասին դատարանի որոշումը։
ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության խորհրդական Կարեն Հակոբյանի խոսքով՝ Առուշանյանը պետք է հրաժարական ներկայացներ համայնքի ղեկավարի պաշտոնից։ Նա նաև հայտնել է, որ դատական ակտն ուղարկվել է ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու դիմումով։
«Ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել և որոշել, որ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելը դուրս է ավագանու իրավասությունից։ Այս որոշումից հետո ծառայությունը կազմել է պատժից խուսափելու մասին արձանագրություն ու միջնորդություն ներկայացրել դատարան»,- ասվում է ռեպորտաժում։
Դատարանն Առուշանյանի պատիժն ազատազրկությամբ փոխարինելու Պրոբացիոն ծառայության միջնորդությունը կքննի սեպտեմբերի 3-ին:
Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Օգոստոսի 22-ին Առուշանյանը վիճարկել էր Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։