Դատարանը կալանավորել է 43-ամյա տղամարդուն, որը «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրանյութերի վաճառքով է զբաղվել, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 21-ին պարեկային ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը հայտնել է, որ ավտոմեքենայում թմրանյութի փաթեթներ կան: Նշված անձը ձերբակալվել է:
Պարզվել է, որ տղամարդը «Տելեգրամ» հավելվածով կապ է հաստատել անհայտ օգտատիրոջ հետ և պայմանավորվել թմրամիջոցով փաթեթներ տրամադրելու շուրջ։ Տղամարդը դրանք պետք է տեղադրեր քաղաքի տարբեր հատվածներում և օգտատիրոջն ուղարկեր փաթեթների կոնկրետ գտնվելու վայրերի լուսանկարները։
Նա վերցրել է փաթեթները, որոնցից առնվազն մեկն ապօրինի իրացրել է՝ տեղադրելով պայմանավորված վայրում: Ավտոմեքենայից հայտնաբերվել և առգրավվել են թվով 25 փաթեթ առերևույթ թմրանյութին նմանվող, կպչուն ժապավենով փաթաթված փաթեթներ՝ 44,63 գրամ ընդհանուր քաշով:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարով), ասված է հաղորդագրության մեջ։