Իշխանությունները մտադիր են փոխել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ «վերևից» տրվող հրահանգները կատարելուց հրաժարվելու պատճառով., գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ դեռևս հուլիսին են իշխանությունները ցանկացել նրան ազատել պաշտոնից, սակայն չեն կարողանում համապատասխան փոխարինող գտնել:
«Պատճառն այն է, որ Անդրեասյանը հրաժարվում է կատարել իշխանությունների որոշ պահանջներ՝ պատճառաբանելով, որ «դա հնարավոր չէ», չի կարող կատարել որոշակի հանձնարարականներ, ինչը, բնականաբար, հարիր չէ իշխանություններին և նրանց համար դարձել է նոր խնդիր»,- գրում է թերթը։
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը՝ դրանք անվանելով «բամբասանք և փողոցային ասեկոսեներ»։
Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2022 թվականից։ Մինչ այդ նա զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը, 2022 թվականի հուլիսից սեպտեմբեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։