Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին, լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նա մանրամասնել է, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու ժամկետը որոշել են «նոր պայմանավորվածության արդյունքում»։ Նախարարի խոսքով՝ մինչ 2027 թվականը մանրամասն քննարկելու են նախատեսվող փոփոխությունները։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը հետաձգելը նախարարը պայմանավորել է ամառվա արձակուրդային շրջանով։ Նա հստակեցրել է, որ ընդմիջումից հետո առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։
«Երեք ամիս է՝ նիստերն ինտենսիվ չէին գումարվում, որովհետև արձակուրդային շրջան էր։ Վերջին նիստը մոտ 20 օր առաջ է տեղի ունեցել, հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին, որտեղ քննարկելու ենք միայն Դանիել Իոաննիսյանի («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար, առաջարկել էր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկել նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները-խմբ․) առաջարկը»,- հավելել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն՝ գործող խորհրդարանական կառավարման ձևի պահպանմամբ։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ասել էր, որ Բաքուն Հայաստանի սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթը խնդիր է համարում: Ադրբեջանի ԱԳՆ-ն փետրվարի 19-ին Հայաստանից պահանջել էր Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից հանել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ արտացոլված պահանջները»։ Վերջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են կրկնել ՀՀ սահմանադրության հետ կապված իրենց պահանջը։
Մանրամասները՝ տեսանյութում։