Երևանում 21-ամյա երիտասարդը, տեղյակ լինելով իր մոր 72-ամյա մորաքրոջ՝ տանից բացակայելու և բանալիների օրինակն իրենց բնակարանում գտնվելու մասին, 24-ամյա ընկերոջ հետ գողացել է նրա 500 000 դոլարանոց ոսկեղենն ու 4000 դոլար, հայտնում է ՔԿ-ն։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին՝ ժամը 05:40-06:15-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ հաղորդագրության՝ երիտասարդներն ապօրինի մուտք են գործել տուն և հափշտակել գումարն ու ոսկեղենը։
Հանցանքն իբրև այլ անձանց կողմից կատարված լինելու տպավորություն ստեղծելու նպատակով նրանք մետաղյա լինգով վնասել են բնակարանի մուտքի դռան փականի փայտե մակերեսը և ձողը թողնելով բնակարանում՝ հեռացել:
Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Առանձնապես խոշոր չափերի գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով):
Դատարանը 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, իսկ 21-ամյա երիտասարդի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը: