Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ՍԴ նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին դատական նիստերին չներկայանալու համար բերման ենթարկելու որոշում է կայացրել։
Դատավորը հայտարարել է, որ թեպետ Թովմասյանին դատական նիստերին ներկայանալու ծանուցումներ են ուղարկել, բայց նա չի ներկայացել։ Գրիգորյանը հավելել է, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Թովմասյանի տուն, բայց այն փակ էր։
Թովմասյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։30-ին։
Օգոստոսի 9-ին դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Թովմասյանը մեղադրվում է 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ Նրան առաջադրված մեղադրանքի մեջ նշվում է, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։
Մանրամասները՝ տեսանյութում։