Օգոստոսի 29-ին Արագածոտնի մարզում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակվելու, քարերով հարվածելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայում գտնվել է կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով)։ Մենք որևէ անձի մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ այս պահին տվյալներ չունենք։ Տվյալները վերաբերում են միայն ավտոմեքենայի ապակիների վնասմանը»,- տեղեկացրել է Աբրահամյանը։
Նա հավելել է, որ միջադեպին մասնակցած անձանց հայտնաբերելու և նրանց արարքերին իրավական գնահատական տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։