Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում դանակահարել են 19-ամյա զինծառայող Վիգեն Բ․-ին, գրում է Shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ժամը 22։15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ զինխառայողն իրենց մոտ է տեղափոխվել վիճաբանության հետևանքով՝ «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ։
«Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Այգեձորի գյուղամիջյան հատվածում մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայողներ Վիգեն Բ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Սուրեն Ճ․-ն և ինքնությունը չպարզված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Պարզվել է, որ նույն ծեծկռտուքի ընթացքում ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Վիգեն Բ․-ին, իսկ վերջինիս ընկերը՝ նույն զորամասի զինծառայող Սուրեն Ճ․-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վիգեն Բ․-ին դանակահարող անձին»,- հավելել է կայքը։
Օգոստոսի 29-ին ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արթուր Հ․-ն և հայտնել, որ օգոստոսի 28-ին Այգեձորում միջամտել է վիճաբանությանը։
«Նա հայտնել է, որ միջամտել է մի խումբ բնակիչների և իր ծանոթ, բեռնատար մեքենայի վարորդ Նորոյի միջև ծեծկռտուքին։ Ասել է, որ ինքն անմիջապես միջամտել է և պաշտպանելով Նորոյին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն անծանոթ մի քանի գյուղացիների։ Նշել է, որ ընթացքում չի կարողացել պաշտպանվել ու գրպանից հանել է դանակը և դրանով 2 անգամ հարվածել իրեն անծանոթ՝ կռվի մասնակիցներից մեկին»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմել, որոնք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, հավելել է կայքը։