Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված, ապա ազատ արձակված Դիանա Մոյիսեենկոն Երևանում քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։
«Բաժանմունքից դուրս եկա բառացիորեն մեկուկես ժամ առաջ և դեռ չգիտեմ, թե ինչ է կատարվում: Երեքշաբթի օրը գնալու եմ Երևան՝ փաստաբանի մոտ։ Իմ պաշտպանը պետք է աշխատի, որպեսզի ինձ թույլ տան հեռանալ Հայաստանից, քանի որ ինձ այս պահին արգելված է հեռանալ»,- Մոյիսեենկոյի խոսքերն է մեջբերում ռադիոկայանը։
Նա մտավախություն է հայտնել, որ Բելառուսի ուժայինները կարող են իր հետևից գալ, թեև, ըստ նրա, տեսականորեն չեն կարող իրեն արտահանձնել։
«Ես չգիտեմ, թե որքանով է սա իրական, ուստի արդեն հայց եմ ներկայացրել Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար»,- «Ազատությանը» ասել է Մոյիսեենկոն։
Բելառուսուհուն սեպտեմբերի 2-ին ձերբակալել էին վրաց-հայկական սահմանին, որից հետո նրան տարել են Նոյեմբերյան քաղաքի ոստիկանական բաժին։ Մոյիսեենկոն Բելառուսից հեռացել էր 2023 թվականի ամռանը։ Նա նախկին քաղբանտարկյալ Անդրեյ Իվանյուշինի դուստրն է, որը դատապարտվել է 2020 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Եվրոպա» առևտրի կենտրոնի մոտ, այսպես կոչված, «բայքերի գործով» տեղի ունեցած միջադեպի համար։ Իվանյուշինը երկուսուկես տարվա ազատազրկում է ստացել։