Քննչական կոմիտեն բացահայտել է կիբերհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն, որը շուրջ 7882 անձից հափշտակել է ավելի քան 10 մլրդ. դրամ։
Ըստ ՔԿ-ի՝ կազմակերպության անդամներն ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալել հարմարավետ գրասենյակային տարածքներ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
«Հայաստանի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիներ 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ 2000 անդամի: Նրանց սովորեցրել են անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, օգտատերերի գայթակղելու նպատակով սոցցանցերում իրականացրել են գովազդներ, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր»,- հայտնում է ՔԿ-ն։
Նշվում է, որ հանցավոր խումբն օգտագործել է գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, տուժողներին ուղղորդել է իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել։ Հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույքի հափշտակություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4-8 տարի ժամկետով):