Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել ԱԱԾ աշխատակից ներկայացածների կողմից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։
Վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով) և 453-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում) հատկանիշներով։
«2024 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:58-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երկու անձ Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 7/2 հասցեից՝ մի կնոջ, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, նստեցրել է BMW մակնիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ տուժողն իր հարազատների հետ գտնվել է «Սան Մարկո» լողավազանում, որտեղ նրանց է մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված և դիմակավորված երկու անձ, ներկայացել որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից։ Այնուհետև նրանք լողավազանի տարածքից կնոջը տեղափոխել են ավտոկայանատեղի և այնտեղից ավտոմեքենայով հեռացել։
ՔԿ-ն հավելում է, որ միջոցներ են ձեռնարկվում տուժողին և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։