Ոստիկանությունը որոնում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սեպտեմբերի 7-ին ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, տեղեկանում ենք ՆԳՆ Facebook-յան էջից։
ՆԳՆ-ն հայտնել է, որ Մարգարյանը գյուղի բնակիչ է։
«Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Մարգարյանը։ Կան տեղեկություններ, որ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին»,- հավելել են ՆԳՆ-ում։
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նրան վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։