Իրավապահները ձերբակալել են Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ոստիկանի սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանին, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ Մարգարյանը հայտնաբերվել է Նալբանդյան համայնքում՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում։ Ոստիկանությունից հավելում են, որ հանցագործության գործիք ինքնաձիգը ևս հայտնաբերվել է:
Ոստիկանությունը նաև որոշ մանրամասներ է հայտնել միջադեպի հետ կապված։ Նշվում է, որ սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։
«Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին՝ «Վազ 2107» մեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայից իր մոտ գտնվող ինքնաձիգով ոստիկանների ուղղությամբ կրակոցներ է արձակել, այնուհետև իջել և շարունակել է կրակել, ինչից հետո դիմել է փախուստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրակոցների հետևանքով զոհվել էր ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (այլ անձանց համար վտանգավոր եղանակով սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (սպանություն և սպանության փորձ` կապված անձի կողմից իր ծառայողական պարտքի կատարման հետ, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում), 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) հատկանիշներով։
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ նա կրակոցներ էր արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։ Ավելի ուշ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ որոնում են ոստիկանի սպանության մեջ կասկածվող 41-ամյա Մարգարյանին, որը, ըստ տեղեկությունների, զինված է։