Իրավապահները սեպտեմբերի 4-ին Երևանում հայտնաբերել են առևանգված կնոջը և հանցագործության մեջ կասկածվողներին բերման են ենթարկել, հայտնել է Shamshyan.com կայքը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության, ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի համատեղ գործողության արդյունքում, որի ընթացքում ստուգումներ են իրականացվել ավելի քան 30 հասցեներում, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել երեք կասկածյալ, որոնք փորձել էին հեռանալ Հայաստանից։
Սեպտեմբերի 4-ին Երևանի «Սան Մարկո» լողավազանի տարածքում առևանգված կնոջը իրավապահները հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ կայքի՝ նա ԱՄՆ քաղաքացի է և «ամերիկյան հայտնի գործարարի» կին։
Քննչական կոմիտեն գործ էր հարուցել անհայտ անձանց կողմից լողավազանից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող «Սան Մարկո» լողավազանում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երկու մարդ, որոնք ԱԱԾ աշխատակից էին ներկայացել, կնոջը նստեցրել էին BMW մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։