ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա անդամախեղման իմիտացիա ստեղծել, հայտնում է ՔԿ-ն։
Ըստ հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել 2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում։ Կրտսեր սերժանտ Վ.Մ.-ն, ոտնաթաթն անզգուշությամբ տրորելու հարցի շուրջ վիճաբանել է ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա.Գ.-ի հետ։ Ըստ հաղորդագրության՝ նա մարտական դիրքի զինաբուրգից վերցրել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգը, լիցքավորել այն, ապա մեկ կրակոց է արձակել օդ, իսկ հետո՝ մեկ մենահատ կրակոց Ա.Գ.-ի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։
ՔԿ տվյալներով՝ դեպքից անմիջապես հետո Վ.Մ.-ն լիցքաթափել է ինքնաձիգը, այն տվել է Ա.Գ.-ին, որպեսզի վերջինիս մատնահետքերը մնան ինքնաձիգի վրա։ Այնուհետև Վ.Մ.-ն նետել է գետնին հայտնաբերված կրակված գնդակը և դիրքի անձնակազմին հորդորել, որպեսզի դեպքը ներկայացնեն այնպես, թէ իբր Ա.Գ.-ն ինքն է պատահաբար կրակել իր ոտքին: Կրտսեր սերժանտը դիրքի անձնակազմից երկու զինծառայողի հանձնարարել է մաքրել Ա.Գ.-ի ոտքից թափված արյունը՝ դեպքի իրական հանգամանքները թաքցնելու համար, հայտնել են գերատեսչությունից։
Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում հրամանատարի նկատմամբ բռնություն գործադրելը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով): Դատարանը կալանավորել է Վ․Մ․-ին։