ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն Արմավիրի մարզի Դողս գյուղում հայտնաբերել է 38-ամյա տանտիրոջ՝ Լ․ Ե․-ի, դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ, հայտնում է ՔԿ-ն։
Ըստ հրապարակման՝ դին հայտնաբերելու մասին ահազանգ ՆԳՆ-ն ստացել է սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին։ Ժամը 10։00-ի սահմաններում տան լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։
Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։