Իրավապահները Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին առևանգված օտարերկրացի կնոջը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը դեպքի հետ կապված մանրամասներ է հայտնել։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն է մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 անձ և նրան տարել անհայտ ուղղությամբ: Իրավապահները պարզել են, որ կնոջն առևանգած մարդիկ ԱԱԾ-ի հետ ոչ մի կապ չունեն:
«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատել «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով էին: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` 4 միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործի բացահայտմանը միացել է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, դիմել են նաև միջազգային համագործակցությանը։
Ըստ ոստիկանության՝ հանցագործության կազմակերպիչը Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդ է, որին միացել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակիչը և Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Վերջինս, ըստ հաղորդագրության, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ առևանգված կնոջ ամուսնու հետ նամակագրություն է վարել:
Իրավապահները պարզել են, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:
«Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների խումբը երեկոյան ժամը 17։00-ի սահմաններում մայրաքաղաքի Իսակովի պողոտայում հանցավոր խմբի 3 անդամի է հայտնաբերել և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխել ոստիկանություն: Նույն օրը՝ ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվել է կնոջն անազատույան մեջ պահող 41-ամյա մեկ այլ երևանցի»,- հայտնում են ոստիկանությունից:
Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Իրահապահները ձեռնարկում են միջոցներ՝ Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 5-ին Քննչական կոմիտեն գործ էր հարուցել անհայտ անձանց կողմից լողավազանից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող «Սան Մարկո» լողավազանում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երկու մարդ, որոնք ԱԱԾ աշխատակից էին ներկայացել, կնոջը նստեցրել էին BMW մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է և «ամերիկյան հայտնի գործարարի» կին։