«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ վարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով):
ՔԿ-ի տվյալներով՝ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ «ՀրազՋԷԿ»-ի ձուլարանի պայթյունի հետևանքով մահացել է 1978-ին ծնված Է. Հ-ն: