Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հաստատել է, որ կոռուպցիայի մեղադրանքով սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Նա այդ մասին լրագրողներին հայտնել է կառավարության նիստից առաջ։
Մարզպետն այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ նախաքննություն է իրականացվում։ Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ բացահայտումները ճիշտ կառավարման արդյունք են։
«Նման բացահայտումները վկայում են այն մասին, որ ճիշտ կառավարում է իրականացվում։ Որպես մարզպետ՝ միշտ պաքարում եմ կոռուպցիայի դեմ»,- ասել է նա։
Մարտի 25-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանը կաշառքի գործով երկու ամսով կալանավորվել էր։ Նույն գործի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել 6 անձի, որոնց թվում մարզպետարանի աշխատակիցներ էին։ Բոլորին մեղադրանքներ էին առաջադրվել կաշառք տալու և ստանալու հոդվածներով։