«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական բարձր լարման հաղորդալարերը գողանալու դեպք է բացահայտվել, ինչի արդյունքում 7 մարդու մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկին կալանավորել են, 2-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, հայտնել են Քննչական կոմիտեից։
Իրավապահները պարզել են, որ գողությունները և գողության փորձը կատարվել են կազմակերպված խմբի կողմից:
ՔԿ-ից մանրամասնել են, որ 2024 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում «ՀԷՑ» ՓԲԸ-ի հյուսիս-արևելյան տեղամասի աշխատակցից հաղորդումներ են ստացել, որ Գավառի Ծաղկաշեն բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում գտնվող շուրջ 2000մ, 3000մ և 1500մ էլեկտրական բարձր լարման հաղորդալարեր են գողացել՝ պատճառելով ընդհանուր շուրջ 4.400.000 դրամի վնաս։
«Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ իր ծանոթը՝ Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակիչն առաջարկել է իրեն պատկանող «Գազ 53-12» մակնիշի բեռնատարով, որոշակի վարձատրության դիմաց, Գավառ համայնքից ալյումինե մալուխներ տեղափոխել Այնթապ բնակավայր»,- հավելել են ՔԿ-ից։
Հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ) (խոշոր չափերով գողություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խոշոր չափերով գողության փորձ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով):