ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ հատուկ վերանայման բողոքը, հայտնել է Վարդանյանի պաշտպան Սոսե Չանդոյանը։
«Քաղբանտարկյալ Վարդանյանն այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին, ում որևէ կերպ այդպես էլ չեն կարողանում մարսել»,- հավելել է պաշտպանը։
Օգոստոսի 14-ին դատարանը 1 ամսով երկարաձգել էր Վարդանյանի կալանքը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել էր մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։