Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել այդ երկրի քաղաքացի Էրիկ Թոմաս Քրիմերին, որի նկատմամբ ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել, հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։
Ըստ կայքի՝ նա երեք տարի չի կարողացել լքել Հայաստանի տարածքը, քանի որ նրան Ռուսաստանին չէին արտահանձնում։
Քրիմերը ձերբակալվել էր Մոսկվայում 2017 թվականի ապրիլին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով։ Ըստ կայքի՝ նա պնդում էր, որ գործը կեղծ է, նրանից 500 հազար ռուբլի են պահանջել քրեական գործը կարճելու համար։ Ավելի ուշ նա մեկնել էր հայրենիք, սակայն հայտնվել հետախուզման մեջ։
Կայքը հայտնել է, որ 2021 թվականին Քրիմերը կալանավորվել է Հայաստանում, որտեղ երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, ինչպես վարվել ամերիկացու հետ։ Նրա փաստաբանի խոսքով` Քրիմերին Ռուսաստանի խնդրանքով չէին արտահանձնում, քանի որ չէին ցանկանում փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։
2023 թվականին Քրիմերը քաղաքական ապաստան էր խնդրել Հայաստանից, սակայն մերժում էր ստացել։