Դատարանը մեկ հոդվածով արդարացրել, մյուսով վերաորակմամբ մեղավոր է ճանաչել ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանին` 2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով, հայտնել են նրա պաշտպաններ Ռուբեն Հակոբզյանն ու Ռուբեն Մելիքյանը։
Ըստ դատարանի վճռի՝ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) Սահակյանն արդարացվել է, իսկ ՔՕ 171 հոդվածի 2-րդ մասով (ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելը) վերաորակել նույն հոդվածի 1-ին մասով (առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելը) և ճանաչել մեղավոր։ Երկու հոդվածներն էլ նախատեսում են տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին։
Պատգամավորը բերման էր ենթարկվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպի պատճառով։ 72 ժամ հետո նրան մեղադրանք չէր առաջադրվել, և ապրիլի 3-ին Սահակյանն ազատ էր արձակվել։
Ապրիլի 3-ին Սահակյանն ասել էր, որ Վարդանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն ագրեսիվ է պահել՝ չարաշահելով նախագահի լիազորությունները, փորձել է զսպել նրան՝ պահանջելով հարգել ընդդիմադիր պատգամավորներին։ Քննչական կոմիտեն ապրիլի 20-ին մեղադրանք էր առաջադրել Սահակյանին։