Օգոստոսիի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգից հետո կոմպոզիտոր Տիգրան Համասյանի և իր համերգային խմբի վրա հարձակվելու վարույթով մի շարք քաղաքացիներ են հարցաքննվել, տեղեկանում ենք ՔԿ-ից։
ՔԿ-ից հավելել են, որ հարցաքննել են կոմպոզիտորին, նաև դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարածների մեծ մասին։
«Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չեն ստացել, և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Ահազանգեր կատարած անձանց մեծ մասը ցուցմունք է տվել՝ ասելով, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացածներ չկան»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ՝ ՔԿ-ն նախաքննության ընթացքում տվյալներ է ստացել, որ երկու անձ վնասվածք է ստացել։
«Մեկն ստացել է աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի վնասվածք, սակայն, չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Վերջինս պատշաճ ծանուցվել է հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար հարցաքննության ներկայացնելու մասին»,- եզրափակել են ՔԿ-ից։
Օգոստոսի 30-ին ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Արագածոտնի մարզում Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա հարձակվելու, քարերով հարվածելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով) քրեական վարույթ է նախաձեռնվել։
Օգոստոսի 31-ին «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհուրդը տեղեկացրել էր, որ 3 ավտոմեքենայով փակել էին կոմպոզիտորի և համերգային խմբի ճանապարհը, հարձակվել մեքենաներում գտնվողների վրա։