Դատարանը ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգել է մեկ ամսով, հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարվել․ մեղադրող կողմը կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել։
Փաստաբանը նշել է, որ նախորդ ամիս դատարանը մեկ ամսով կալանքը երկարաձգել էր, և «նոր ի հայտ եկած փաստարկ, հանգամանք միջնորդության հիմքում չի դրվել»։
«Քրեաքաղաքական գործ է, և որոշումներն էլ քրեադատավարաքաղաքական են»,- հավելել է Հարությունյանը։
Սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Վարդանյանին 1 ամսով կալանքի տակ պահելու դեմ փաստաբանական կողմի բողոքը։ Օգոստոսի 14-ին դատարանը 1 ամսով երկարաձգել էր նրա կալանքը։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել էր մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ «Ազգային ճակատը» հայտնել էր, որ դատարանը երկամսյա կալանավորման որոշումներ է կայացրել նաև ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։