Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն քննարկել են արցախցիների իրավունքների պաշտպանության, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամները՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ուղեկցությամբ։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Գարեգին Բ-ն ընդգծել է, որ եկեղեցին մշտապես իր նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ նա կարևորել է ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ Օկամպոյի ծավալած գործունեությունը։
Օկամպոն, իր հերթին, ներկայացրել է իր նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը:
Այս առնչությամբ նա կարևորել է աշխարհասփյուռ հայության համախմբումն այդ սկզբունքները կյանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու կարևոր դերակատարությանը տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման ուղղությամբ։
Օկամպոն ժամանել էր Երևան՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով։ Սեպտեմբերի 13-ին այդ թեմայով նա հանդիպում էր ունեցել քաղհասարակության ներկայացուցիչների, արցախցիների հետ։
ՄՔԴ նախկին դատախազն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ» և հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովից առաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։