Սեպտեմբերի 19-ին ազատ է արձակվելու ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հինգշաբթի օրը՝ օրենքի ուժով, ազատ է արձակվելու»,- գրել է փաստաբանը։
Նա հավելել է, որ Մալյանը Վարդաշենի բանտից դուրս կգա ժամը 10:00-ին։
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով:
Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Հաշվարկելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ նա պետք է անազատության մեջ մնար ևս 5 ամիս և 7 օր։ Օգոստոսի 2-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Մալյանի դատավճիռը։