Ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանից կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի հինգերորդ անդամը, հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ն հայտնել էր հանցավոր խմբի մաս կազմած 4 անձի կալանավորման մասին։ ՔԿ-ի տվյալներով՝ հանցավոր խմբի ևս մեկ անդամ լքել էր ՀՀ տարածքը և գտնվում էր Վրաստանում։ Վերջինիս նկատմամբ ևս հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և կայացվել էր նրան ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու որոշում։
«Իրականացված միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի նշված հինգերորդ անդամը սեպտեմբերի 16-ին հայտաբերվել է Հայաստանում՝ Բագրատաշենի անցակետում, և ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահները Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հանդամիջյան ճանապարհին հայտնաբերել են նաև BMW մակնիշի այն ավտոմեքենան, որով առևանգվել է 55-ամյա տուժող կինը։
Սեպտեմբերի 5-ին Քննչական կոմիտեն գործ էր հարուցել անհայտ անձանց կողմից լողավազանից կնոջն առևանգելու դեպքի առթիվ։ Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Երևանի Աշտարակի խճուղում գտնվող «Սան Մարկո» լողավազանում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երկու մարդ, որոնք ԱԱԾ աշխատակից էին ներկայացել, կնոջը նստեցրել էին BMW մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առևանգվածը ԱՄՆ քաղաքացի է և «ամերիկյան հայտնի գործարարի» կին։