ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ազատ է արձակվել կալանքից։ Լրագրողների հետ զրույցում Մալյանն իր կալանքն ապօրինի է անվանել։
«Բանտը բավականին հետաքրքիր տեղ էր մտորումների համար։ Բանտում հասցրել եմ ավարտել գիրքս։ Այն օտարերկրյա գործակալական ցանցի դեմ օգտակար մեթոդաբանության մասին է։ Շուտով այն լույս կտեսնի»,- ասել է նա։
Մալյանին 2023-ի սեպտեմբերին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։ Օգոստոսի 2-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Մալյանի դատավճիռը։