2024-ի փետրվարին Երևանի Գյուլբենկյան փողոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՔՊ նախկին պատգամավոր, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակներում, ինչպես նաև Նոյ թաղամասում ենթադրաբար ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանն ահաբեկչություններ կազմակերպելու նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է, նյութերն ուղարկել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ տվյալներով՝ գերատեսչությունը ձեռք է բերել բավարար փաստեր, որոնց հիման վրա Գ․Ս․-ին (Գագիկ Սարգսյան, ՀՅԴ կուսակցության անդամ-խմբ․) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 2 դրվագ (ահաբեկչության նախապատրաստման հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով) 336-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 դրվագ (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 դրվագ (մի խումբ անձանց կողմից ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով)։
Վ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստման հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով), 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 դրվագ (մի խումբ անձանց կողմից ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով, 2 դրվագ (մի խումբ անձանց կողմից պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելը, ձևափոխելը կամ նորոգելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով)։
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստման հանցակից լինելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ մինչև 6 տարի ժամկետով)։
Փետրվարի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ հայտնաբերվել էր կեղծ պայթուցիկ սարք, որը վնասազերծվել էր։ Փետրվարի 22-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Գյուլբենկյան 33 հասցեում, որտեղ գտնվում է Արսենյանի գրասենյակը, հայտնաբերվել էր պայթուցիկ սարք։ Մարտին ՔԿ-ն քրեական հետապնդում էր հարուցել չորս մեղադրյալի նկատմամբ՝ հայտնելով նրանցից երկուսին ձերբակալելու, երկուսին կալանավորելու մասին։