Դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց, բայց նա վաղեմության ժամկետի հիմքով պատասխանատվությունից ազատվեց։
«Դատարանը վճռեց Թովմասյանին մեղավոր ճանաչել 2 դրվագով, մասնավորապես՝ 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցանքներում (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ»,- հայտարարեց դատավորը։
Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ դատարանը բավարարել է «տուժող Նունե Սարգսյանի հայցը և հօգուտ Սարգսյանի Թոմասյանից բռնագանձել 5 մլն 600 հազար դրամ։
«Գործով տուժող Էմմա Շաբոյանի հայցը դատարանը մասնակի է բավարարել՝ վճռելով ամբաստանյալ Թովմասյանից հօգուտ Շաբոյանի բռնագանձել 5 մլն 203 հազար 800 դրամ։ Մինչև քաղաքացիական հայցերով վճիռների կատարումն ամբաստանյալի՝ 10 մլն 803 հազար դրամ արժեքով գույքի վրա դրված կալանքի վճիռը դատարանն անփոփոխ է թողել, մնացած մասով կալանքը վերացրել է»,- ասաց դատավորը։
Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ վճիռը բողոքարկելու են։
«Դատավճիռն ստանալուց հետո կքննարկենք բողոքարկման հիմքերը։ Քանի դեռ վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, դատավճիռը որևէ հետևանք չի կարող առաջացնել»,- նշեց պաշտպանը։
ՍԴ նախկին նախագահը լրագրողներին ասաց, որ նման ելքն իր համար սպասելի էր։
«Ես դատավորին, իրականում, արդարադատություն իրականացնելու հնարավորություն էի տվել։ Բայց սա իմ դատավճիռը չէ, այն մեր երկրի արդարադատության հիմքերից ևս մեկ քար հանելու քայլ է։ Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այդ դատավորը կեղծ դատավոր է։ Երբ դատավորը նիստի ընթացքում քնում է, ապա քնած էլ կարող էր նման վճիռ կայացնել։ Նա անհաղորդ էր ամբողջ գործընթացին, քանի որ ի սկզբանե գիտեր, թե ինչ վճիռ է կայացնելու»,- ընդգծեց Թովմասյանը։
Իր վերաբերյալ վճիռը նա առաջիկայում Հայաստանի հետ կապված հնարավոր գործընթացների հետ կապեց։
«Այս ամենը վկայում է, որ Հայաստանին ինչ-որ վատ բան է սպասվում, որին մասնակից պետք է լինի ՍԴ-ն»,- շեշտեց Թովմասյանը։
Թովմասյանը մեղադրվում էր 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ Նրան առաջադրված մեղադրանքի մեջ նշվում էր, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել էր նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս էր պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էր գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։
Մանրամասները՝ տեսանյութերում։