Սեպտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանում ծեծկռտուքի մասնակից ավիաընկերության բերման ենթարկված աշխատակիցները և Երևան-Մոսկվա չվերթի ուղևորն ազատ են արձակվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Անձինք ձերբակալված էին, սակայն դրա անհրաժեշտությունը վերանալու կապակցությամբ ազատ են արձակվել»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Քննչական կոմիտեն գործի առնչությամբ վարույթ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով)։
«Զվարթնոց» օդանավակայանի, ՆԳՆ ոստիկանության և ՔԿ մամուլի ծառայությունները սեպտեմբերի 19-ին ու 20-ին Armenia Today-ին չհայտնեցին, թե որ ավիաընկերության աշխատակիցներն են մասնակցել ծեծկռտուքին։
Ոստիկանությունը հայտնել էր «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերության աշխատակիցների և ուղևորներից մեկի բերման ենթարկելու մասին։ Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:15-ին, ինքնաթիռ նստելուց առաջ նրանք վիճաբանել էին, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։