«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն ազատ է արձակվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ բլոգերին ձերբակալել են Բելառուսի պահանջով։
«Խոսքը վերաբերում է ոչ թե «Ինտերպոլ»-ի գծով, այլ կամ ուղիղ միջպետական համագործակցության շրջանակներում, կամ էլ ԱՊՀ-ի շրջանակներում Բելառուսի կողմից ձերբակալման պահանջին, որի կատարողը ՀՀ դատախազությունն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Լապշինի հետ կապված բոլոր որոշումները կայացվել են դատախազության կողմից։
ՀՀ դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է, որ Լապշինը ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»,- նշել է նա:
Ավելի վաղ Լապշինը հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի և Բելառուսի հայտարարած հետախուզման հիման վրա։ Նա նաև ասել էր, որ անձնագիրը խլել են և տարել օդանավակայանի ոստիկանություն։
Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերին՝ Բաքվի պահանջով, իսկ 2017 թվականի փետրվարին արտահանձնվել էր Ադրբեջանին՝ 2011 և 2012 թվականներին Արցախ կատարած այցի պատճառով։ 2017 թվականի հուլիսին Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել, որից հետո նրան արտահանձնել էին Իսրայելին։