Երգիչ Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտնել է Ղևոնդյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ղևոնդյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ գլխավոր դատախազին խնդրել է հարուցված քրեական հետապմդումը դադարեցնել և վարույթը կարճել՝ հիմք ընդունելով երեք ատյանների կողմից հաստատված այն փաստը, որ բացակայում է իշխանության յուրացման նախապատրաստության հիմնավոր կասկածը»,- մանրամասնել է պաշտպանը։
Ղևոնդյանը, որի նկատմամբ Քննչական կոմիտեն իշխանությունը յուրացնելու նախապատրաստման հոդվածով քրեական վարույթ էր նախաձեռնել, դատարանի դահլիճից ազատ էր արձակվել մայիսի 23-ին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մայիսի 22-ին հայտնել էր Ղևոնդյանի ձերբակալության մասին։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում էր «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։ ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով):