Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սեպտեմբերի 19-ին դպրոցում 10-ամյա աղջկա վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա պարզաբանեց, որ կոմիտեն հաղորդում ստացել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին, դեպքից հետո վեցերորդ օրը։
Shamshyan.com-ը սեպտեմբերի 23-ին գրել էր, որ Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտը դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորվել է և արդեն հինգերորդ օրն է՝ կոմայի մեջ է։
«Դեպքի առնչությամբ այսօր ստացել ենք հաղորդում ու քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 166-րդ հոդվածի 1 մասի հատկանիշներով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով)։ Իրականացվում է նախաքննություն»,- ասաց Աբրահամյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Նշենք, որ ԿԳՄՍՆ-ից նախաքննության շրջանակում Armenia Today-ին որևէ մանրամասն չհայտնեցին, սակայն ասացին, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։
Shamshyan.com-ը հայտնել էր նաև, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Dodge և UAZ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 3 անձինք, ըստ կայքի, 10-ամյա երեխայի հարազատներն են։