«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի դեմ կիրառված կալանքի որոշումը կբողոքարկվի, այս մասին 24news-ին հայտնել է Հակոբյանի փաստաբանական թիմը։
«Սեպտեմբերի 24-ին դատավոր Սարգիս Դադոյանի որոշման դեմ մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք, մանրամասն մատնանշվելու են այն հիմքերը, ըստ որոնց՝ դատարանը չէր կարող Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել»,- կայքին հայտնել է փաստաբանների թիմը։
Ըստ փաստաբանների՝ դատական ակտի «նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման»:
Փաստաբանները գտնում են, ըստ լրատվամիջոցի, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր:
Սեպտեմբերի 20-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին հաստատել էր Հակոբյանը ձերբակալվելու տեղեկությունը՝ մեղադրյալի կարգավիճակով։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, սակայն, չէր բացահայտել Հակոբյանին առաջադրված մեղադրանքի բնույթը։
Para TV-ի տվյալներով՝ ոստիկանների մի խումբ 3 օր առաջ մուտք էր գործել Հակոբյանի բնակարան, որից հետո վերջինս, ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում, ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե: Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել էր գործարարին։