2022 թվականին Սոնա Մնացականյանին և նրա դեռ չծնված երեխային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու վարույթը կարճվելու է, ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազը ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել, քրեական վարույթը կարճվելու է»,- գրել է փաստաբանը։
Ասլանյանը մատնանշել է նախաքննության ընթացքում իր արձանագրած խախտումների մասին։
«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պականջները»,- հավելել է փաստաբանը։
Նա տեղեկացրել է, որ տուժող կողմը բողոքարկելու է դատախազի որոշումը։
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։